«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն այսօր՝ ապրիլի 18-ի իր ելույթում անդրադարձավ նախօրեին ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ելույթին,որտեղ վերջինս հայտարարել էր, թե հիշողությունը չկորցնելու համար պետք է հիշողություն ունենալ:

«Երբ ես նախորդ ելույթում խոսեցի հիշողությունը չկորցնելու մասին, մեր գործընկերը նեղսրտեց, որ հիշողությունը չկորցնելու համար պետք է հիշողություն ունենալ: Անմիջապես այդ խոսքերից հետո ինձ մեղադրեց կոստյումի հետ կապված արտահայտություն անելու համար: Այն դեպքում, երբ կոստյումի մասին հայտարարել էր այլ պատգամավոր: Դա տեղի չէր ունեցել հեռավոր անցյալում, այլ իր ելույթից մի քանի րոպե առաջ: Իսկապես, հիշողություն չկորցնելու համար պետք է հիշողություն ունենալ»,-ասաց Հովակիմյանը:

«Իմ քայլի» պատգամավորի խոսքով, նույն պատգամավորի կողմից փորձ է արվում նոր կառավարության ներկայացուցիչների կոմպետենտությունը կասկածի տակ առնել, փորձել պիտակավորել. «Պետք է հիշողություն ունենալ եւ հիշել, որ իրենց խմբակցության ղեկավարը, լինելով 16 տարվա պատգամավոր, առաջին անգամ այս ամբիոնից ելույթ է ունեցել այս տարվա հունվարին»:

Հովակիմյանը հիշեցրեց, որ թեեւ ԲՀԿ-ն ունեցել է երեք տասնյակ պատգամավոր, սակայն ԱԺ ամբիոնից ելույթ են ունենում միշտ 5-6 պատգամավոր. «Դիմացինի աչքի փուշը մատնացույց անելուց առաջ փորձեք ձեր գերանները տեսնել, մի անտեսեք ձեր գերանները, առերեսվեք ձեր գերանների հետ: Դա ձեզ կօգնի առաջ գնալ»: