Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, այսօր` ապրիլի 18-ին բեկանեց 10.000 դրամի գողության համար դատապարտվսծ, երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը` պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնել նրա իրավունքների խախտումները:

Նշենք, որ Սարգսյանի պաշտպանները վիճարկում էին նրա նկատմամբ ենթադրյալ ապօրինի գործողությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանների և քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու որոշման դեմ իրենց բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի դատական ակտը:

Նշենք որ արդեն մի քանի ամիս է՝ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում քննարկումների առիթ է դարձել երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանին 10.000 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտվելու հարցը: Հասմիկ Սարգսյանը պնդում է, որ գողացված գումարի չափը ոչ թե 10 հազար է, այլ՝ 4000:

Խնդիրն այն է, որ եթե գողոնի չափը կազմեր 4000 դրամ, ապա Հասմիկ Սարգսյանը քրեական պատասխանատվության չէր ենթարկվի, քանի որ նրան վերագրվող հոդվածով (ՀՀ ՔՕ 177-րդ հոդված) անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 դրամ եւ ավելի է:

Հիշեցնենք, որ Հասմիկ Սարգսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2017թ. ապրիլի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով (պաշտոնեական լիազորություններն անցնելը): Քրեական գործի շրջանակում Հասմիկ Սարգսյանը տուժող է ճանաչվել:

Օրեր առաջ գողության գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել ու Սարգսյանին դատապարտել 2 տարի ժամկետով պայմանական ազատազրկման:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017-ի սեպտեմբերին վճռով 10.000 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով 6 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել Սիսիանի բնակիչ, չորս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանը։ Ընտանիքը գոյատեւում է ծայրահեղ կարիքի պայմաններում՝ վարձակալած բնակարանում, որն արդեն երկար ժամանակ է, ինչ պարտքերի պատճառով հոսանքազրկված է։ Ընտանիքի հայրը հեռացել է, մինչ ամուսնալուծվելը պարբերաբար ֆիզիկական բռնության է ենթարկել կնոջը, որի հետեւանքն են նաեւ երեխաների մոտ առկա առողջական բազմաթիվ խնդիրները։