ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի որոշմամբ մեկ շաբաթով հետաձգեց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը լրացուցիչ 30 հաստիք տրամադրելու մասին որոշման նախագիծը:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշեշով, որ այդ անձինք կընդգրկվեն քաղաքացիական հիվանդանոցներում իրականացվող ծառայություններում: Դրանով, ըստ Զենյալյանի կբացառվի արգելված իրերի փոխանցման եւ փախուստի հնարավորությունները հիվանդանոցներից:

Նրա խոսքով, յուրաքանչյուր կալանավորի կամ դատապարտյալի քաղաքացիական հիվանդանոցում պետք է հսկի երկու ծառայող, որոնք պետք է ծառայություն իրականացնեն 2 օր հանգստից հետո: «Սակայն քանակը քիչ է եւ շատ հաճախ ծառայությունն իրականացնում են մեկ օր ընդմիջումով: Այս պահին քաղաքացիան բուժհաստատություններում 11 անձ է բուժվում, այսինքն անհրաժեշտ է 66 ծառայող, սակայն այդքան ծառայող այս պահին չկա: Ուստի առաջարկում ենք թվաքանական ավելացնել»,-ասաց նախարարը հավելելով, որ պետք է ամեն ինչ անել՝ փախուստներ թույլ չտալու համար:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելեց, որ մինչեւ այս տարվա օգոստոս 4 հիվանդանոցներում ստեղծվելու են քրեակատարողական բաժանմունքներ, եւ ՔԿՀ դատապարտյալներն ու կալանավորները բուժում կստանան այդ բաժանմունքներում, որտեղ հսկողությունն ավելի ուժեղ կլինի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե եթե այդ ծառայությունում կա մի քանի հարյուր թափուր հաստիք, ինչո՞ւ այդ հաստիքներից 30-ը չեն վերցնում տեղափոխում այն ծառայություն, որտեղ դրա կարիքը կա, այլ լրացուցիչ 30 հաստիք են ավելացնում: «Նույն աշխատավարձն է, նույն աշխատանքն է, նույն համազգեստն է, բայց վայրն է տարբեր: Այսինքն ունենք մի քանի հարյուր թափուր հաստիք, ավելացնում ենք եւս 30-ը, տրամաբանությունը չեմ հասկանում»,-ասաց Փաշինյանը:

Նա նաեւ նկատեց, որ հաստիքներ ավելացնելը տրամաբանական չէ նաեւ այն տեսանկյունից, որ վերջին շրջանում ՔԿՀ-ները բավականաչափ բեռնաթափվել են:

Արտակ Զեյնալյանն առաջարկեց մեկ շաբաթով հարցը հետաձգել, որպեսզի իրենք ավելի հիմնավոր փաստարկներ ներկայացնեն:

Նշել, որ 2018թ-ի ընթացքում քաղաքացիական հիվանդանոցներ են տեղափոխվել 2075 ազատությունից զրկված անձինք, ինչը 327-ով ավելի է 2017-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ (2017թ-ին այդ թիվը կազմել է 1748, 2016թ-ին՝ 1232, 2015թ-ին՝ 778), այն դեպքում, երբ 2017թ-ի համեմատությամբ, 2018թ-ին քրեակատարողական հիմնարկներում պահվել են միջինում 1000-ով պակաս կալանավորված անձինք և դատապարտյալներ: