Դեռեւս քննարկման փուլում են գազի սակագնի մեծության վերաբերյալ բանակցությունները «Գազպրոմ Արմենիայի» հետ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը:

Նրա խոսքով, որոշակի առաջարկներ ձեւավորված են, որը նրանք պետք է քննարկեն ռուսական «Գազպրոմի» հետ, սակայն չի կարող ասել, թե դա ինչ ժամկետներում կլինի:

«Բանակցությունները երկարաձգվում են, քանի որ բավականին բարդ եւ տարուղունակ հաշվարկների մասին է խոսքը։ Ամբողջ սակագնային հաշվարկները իրենց ծախսային հոդվածներով նորից վերանայվում են, որովհետեւ այս տարվա հունվարի 1-ից այդ սահմանափակումները, որոնք կային միջպետական համաձայնագրերով, այլեւս չկան: Նորովի ամբողջ կառուցվածքը սակագնային վերանայվում է»,-ասաց նա՝ հավելելով, որ եւ քննարկման խնդիրներ կան եւ որոշակի փոխհամաձայնեցման խնդիրներ կան:

«Ես մի բան կարող եմ խոստանալ, որ եթե նաեւ ստանամ պատգամավորների քվեն եւ ընտրվեմ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ, ամեն ինչ պետք է անեմ, որ այն մատուցվող ծառայությունների գինը, դա կլինի գազի, ջրի թե էլեկտրաէներգիայի, լինի արդարացված, որ այդքան պետք է լինի։ Այլ հարց է, որ որոշակի սպառողների սեգմենտի մոտ կարող է դժգոհություններ առաջանալ զուտ սոցիալական առումով, սակայն չպետք է դա կապել մասնագիտական կառույցի հաշվարկների հետ»,-ասաց Բաղրամյանը:

Դիտարկմանը, թե ռուսական շրջանակներից տեղեկություններ կան, որ Հայաստանի համար գինը անընդհատ թանկանալու է, նա արձագանքեց. «Ես չունեմ նման տեղեկություններ»:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ռուսական կողմը բարձրացրել էր (150 ԱՄՆ դոլարից դարձավ 165 ԱՄՆ դոլար՝ սահմանին) Հայաստան մատակարարվող գազի գինը, և Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ սպառողները դրա դիմաց կվճարեն նախկին գնով, իսկ տարբերությունը փոխհատուցվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից։