Չեմ կարող ասել, թե ում եմ խանգարում, բայց հստակ հասկանում եմ, որ տարբեր շրջանակների կողմից արծարծվող թեմաներից, որ փորձ են անում ստեղծել իրավիճակ, որ այդ էմոցիոնալ ֆոնին դուրս գամ երկրի վարչապետի դեմ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, պատասխանելով հարցին, թե արդոք գիտի՝ ում է խանգարում: 

«Նման բան չի կարող լինել: Ես վստահում եմ երկրի վարչապետին եւ դրա համար էլ այստեղ եմ: Չի կարող նման բան լինել, որ երկրի վարչապետը իմ նկատմամբ քաղաքական հետապնդման պատվեր դնի: Այս պահին ես նման բան բացառում եմ: Իսկ թե որ մարմիններն ինչ կուզենան առհասարակ, ապա, ես վստահեցնում եմ, որ Պետական վերահսկողության ծառայությունն ունի այնպիսի ֆունկիաներ, որ շատերի ոտքերը կարող է տրորել, օրենքի շրջանակներում: Եւ այս պարագայում շատերը չեն ցանկանա, որ սկզբունքային մարդ լինի, մաքուր մարդ լինի, որը երբեւիցե  գործարկների մեջ չմտած մարդ լինի, բայց դա իրենց գործն է: Չեմ ցանկանում իմ կասկածները հնչեցնել»,- ասաց Սանասարյանը: