Ներմուծվող մեկ տոննա ցեմենտի համար 22000 դրամ մաքսատուրք մտցնելը զուրկ է իրավական հիմքից։ Այս մասին ապրիլի 18-ին օրինագծի շուրջ իրավիճակի քննարկման ժամանակ ասել է ներմուծող ընկերության տնօրեն Արմեն Սաքապետոյանը։

Նրա խոսքով՝ ցանկացած տուրք մտցվում է պետության կողմից ինչ-որ ծառայությունների մատուցման դիմաց, բայց անհասկանալի է, թե ինչ ծառայություններ է մատուցելու պետությունը ներմուծողներին։ «Շինարարական ընկերությունները պետք է ունենան կանխատեսելի պատկերացումներ ցեմենտի գնի մասին, քանի որ լուրջ տատանումները կարող են անդրադառնալ կամ շինության մեկ քառակոսի մետրի գնի, կամ որակի վրա, որը վերջնարդյունքում կհարվածի անշարժ գույքի շուկային»,- նշել է նա։

Սաքապետոյանն ընդգծել է, որ իրանական ցեմենտը լուրջ զսպիչ գործոն է ներքին շուկայի համար, եւ օրինագծի ընդունումը կարող է թուլացնել այն։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, անցած շաբաթ տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովում քննարկվել է օրինագիծ, որի համաձայն՝ առաջարկվում է 22000 մաքսատուրք մտցնել մեկ տոննա ներմուծվող ցեմենտի համար։ Նշվել էր, որ օրենքի ընդունումը հնարավորություն կտա սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների հանդեպ, որոնք կարող են արտադրվել նաեւ երկրում։ Դրանով իսկ կարելի կլինի խրախուսել տեղական արտադրությունը՝ օգտագործելով եւ զարգացնելով առկա հնարավորությունները։ Ընդունված է կարծել, որ սա նախագիծ է, որը պաշտպանում է Գագիկ Ծառուկյանի ցեմենտի արտադրության գործարանի գործունեությունը։ Ինքը՝ «Արարատցեմենտի» սեփականատերը, մաքսատուրքը մտցնելը համարում է անիմաստ, եթե այն չի վերաբերելու նաեւ ցեմենտի արտադրության հումքին։