Կառավարության այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստի ժամանակ Երեւանի քաղաքապետ Հարկ Մարությանը ներկայացրեց օրեր շարունակ աղմուկ բարձրացրած աղբահանության հարցը եւ դրա լուծման ուղիները:

«Դեռ 2014-ին  նախատեսված էր, որ Երեւանում պետք է լինի 2 օպերատոր, նրանցից մեկը շվեդական ընկերություն էր: Քաղաքի վարչական շրջանները բաժանվել էին  2 լոտերի, այնուհետեւ անհասկանալի կերպով 2 լոտն էլ իր վրա վերցրեց հաղթող ճանաչված «Սանիթեք» ընկերությունը: Այն ներկայանում էր որպես 2 ՍՊԸ՝ «Սանիթեք ինթերնեշնլ» եւ «Սանիթեք»: Սկզբում ամեն ինչ նորմալ էր, քանի որ մեքենաները նոր էին, անխափան աշխատում էին,  բայց սխալ սպասարկման արդյունքում, աշխատակիցների վատ աշխատանքի արդյունքում տեխնիկան այսօր վատ վիճակում է, դա մեր կարծիքն է»,-ասաց Մարությանը:

Նրա խոսքով, իր պաշտոնավարման առաջին օրերին խնդիրն ավելի սրված է եղել, 2-3 ամսում կարողացել են կարգավորել՝ «Սանիթեք» ընկերությանը հորդորելով ներառել նաեւ ենթակապալառուների, քանի որ ֆիզիկապես չէին հասցնում սպասարկել:

Նա հիշեցրեց, որ այդ ընթացքում վիճակը շտկվել էր, կրկին սրվել էր Ամանորի տոնական օրերին, բայց հունվարի 4-ից հարցը կրկին կարգավորել են:

«Մենք նրանց բազմիցս զգուշացրել ենք, որ էն վիճակում, որ ձեր մեքենաններն են, աշխատել հնարավոր չէ, որովհետեւ դուք ամեն օր ձեր մեքենաները հանում եք աշխատանքի, որոնք առանց այդ էլ քիչ են նորմայից ու եթե այդ օրը 2-3 մեքենա փչանում է, քաղաքի այդ հատվածում խնդիր է առաջանում: Նրանք պատասխանեցին, որ ֆինանսապես վատ վիճակում ենք, այդ հնարավորությունները չունենք: Եվ մենք կանխատեսելով, որ կգա այն օրը, երբ մեքենաների մեծ մասը կխափանվի, մենք մրցույթ էինք հանել 24 աղբատար մեքենա, որը պետք է ձեռք բերեր քաղաքապետարանը»,-ասաց Մարությանը:

Նա հավաստիացրեց, որ իրենց գործողություններն ու հարաբերությունները «Սանիթեք»-ի հետ բացարձակապես պայմանագրի ներքո են, չնայած «Սանիթեքից» ասում են, որ իրենք ունեն նաեւ բանավոր պայմանավորվածություններ. «Մենք հստակեցրել ենք, որ այդ բանավոր պայմանավորվածությունները մեզ հետ չեն եղել, մենք դրանցից տեղյակ չենք: Եվ այսօր արդեն իրենց վատ աշխատանքի համար տուգանել ենք մոտ 13 մլն դրամով, եթե այսպես շարունակվի՝ էլի տուգանքներ կլինեն: Միաժամանակ մեր կոմունալ վարչություններն այս պահին աշխատում են իրենց թերությունները վերացնելու ուղղությամբ, բայց առանց աղբատար մեքենաների հնարավոր չէ»:

Մարությանը նշեց, որ իրենց մրցույթն ընկերությունը բողոքարկել է, իսկ քաղաքապետարանն էլ իր հերթին դատարան է դիմել ընդդեմ բողոքարկման։ Բայց անկախ այդ դատական պրոցեսներից` գնված 24 մեքենան Երեւանում կլինեն հունիս-հուլիս ամիսներին, մինչ այդ Երեւանն աղբից մաքրել է պետք:

Քաղաքապետը նշեց, որ եթե կառավարությունը հավանություն տա այս որոշմանը, այդ թվավ 15 աղբատար մեքենաները, հավանաբար, 1-2 շաբաթում կլինեն արդեն Երեւանում:

Վարչապետի այն հարցին, թե արդյոք վիճակը կրիտիկական է, քաղաքապետը նշեց, որ կրիտիկական էր Նեապոլի վիճակը 2012-ին: «Այ դա ես նկարել եմ, լուսանկարները նիստից հետո կուղարկեմ, կտեսնեք, դա կրիտիակականն է, հուսով ենք` չենք հասնի կրիտիկականի:

Մենք ամեն օր հսկում ենք քանի մեքենա է դուրս գալիս, ասենք դուրս է գալիս 16 մեքենա, մի քանի ժամից մի քանիսը խափանվում է, տանում են, նորոգում, էլի բերում: Մի օրում կարող են 12-ն էլ փչանալ: Անձամբ եմ պարկը հետազոտել, հաշվել ենք, որ էն մեքենաները, որ իրենք ունեն՝ էլի չեն բավարարում, չէին բավարարում նաեւ ձնամաքրման մեքենաները, դրա համար ձեռք բերեցինք նաեւ ձնամաքրման մեքենաներ, չնայած ձյունն առատ չեղավ այս տարի»,-ասաց Մարությանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը հնարավոր ամեն ձեւով պետք է աջակցի քաղաքապետարանին, որ «Սանիթեքը» պատշաճ կատարի աշխատանքը:

«Բայց դուք ասացիք, թե 13 միլիոն դրամով տուգանել եք ընկերությանը, բայց սա ոչ թե լավացնելու է իրավիճակը, այլ ավելի է վատացնելու, որովհետեւ նրանք հաջորդ փուլում ասելու են` դե 13 միլիոն տուգանեցիք, մենք էլ փող չունենք, որ մեքենաները նորոգենք, էն ժամանակ երեքն էր փչանում, հիմա յոթն է փչանում, դե գնացեք, ինչ ուզում եք արեք», - ասաց վարչապետը: