Աղբահանության պրոբլեմն առաջացել է այն ժամանակ, երբ փաստացի եղել է մեկ օպերատոր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Կառավարության նիստում անդրադառնալով Երեւանի աղբահանության խնդրին եւ աղբատար մեքենաներ ձեռք բերելուն, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

««Որովհետեւ, եթե մենք ունենայինք երկրորդ օպերատոր, մրցակցային վիճակն ուրիշ կլիներ: Ամենահետաքրքիրն այն է, որ մարդիկ կան, որ էն ժամանակ այդ մրցույթների հիմքում են կանգնած, էսօր սոցցանցերում փոթորիկներ են առաջացնում, թե էս ինչ ա, ինչի հարցը լուծված չի: Հարցը լուծված չի, որովհետեւ հազար ձեւի արիշ-վերիշներ եք ունեցել: Պետ՝ է խորանալ, ու բոլորը դնել սեղանին»,-ասաց վարչապետը:

Իր հերթին Երեւանի քաղաքապետ։ Հայկ Մարությանն ասաց, որ օպերատորի նոր մրցույթ անցկացնելու համար պետք է խզել «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը. «Խզման դեպքում պայմանագրում կան կոնկրետ կետեր, ընթացակարգ, եւ մենք` որպես վերահսկող մարմին, վերահսկելու ենք իրավիճակը, եւ եթե դրա կարիքը լինի,  օգտագործելու ենք այդ կետերը` պայմանագիրը խզելու համար: Եթե առանց ընթացակարգի խզենք, ընկերությունը դատարանում կպահանջի իր առաջիկա 10 տարիների շահույթը, որը ստանալու էր այստեղ աշխատելու ընթացքում»: