Ներմուծվող ցեմենտի մեկ տոննայի համար 22 հազար դրամ մաքսատուրքի կիրառումը կարող է հակասել միջազգային պարտավորություններին, որոնք Հայաստանը ստանձնել է ԱՀԿ-ի եւ ԵՏՄ-ի շրջանակում: Այս մասին ապրիլի 18-ին ցեմենտի օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմանն ասաց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Մարինա Առաքելյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները տեղական արտադրողներին աջակցելու ցանկությունը պետք է համատեղեն կառուցապատողների շահերի հետ, որոնք ունեն գործող պայմանագրեր եւ որոնք հաշվի են առնում նաեւ ցեմենտի գինը:

«Ցեմենտի գնի բարձրացումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ երկրի տնտեսության զարգացման համար: Դա պայմանավորված է նրանով, որ երկրի ՀՆԱ-ում շինարարության ոլորտի բաժինը կազմել է 6.8 տոկոս: Իսկ Հայաստանի կայուն տնտեսական զարգացման համար Հայաստանին դիվերսիֆիկացված տնտեսություն է պետք», - նշեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անցյալ շաբաթ խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում օրինագիծ էր քննարկվել, որով առաջարկվում է ներմուծվող ցեմենտի մեկ տոննայի համար սահմանել 22 հազար դրամ մաքսատուրք: Նշվում էր, որ օրենքի ընդունումը հնարավորություն կտա սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների համար, որոնք կարող են երկրում արտադրվել: Դրանով իսկ հնարավոր կլինի խրախուսել տեղական արտադրությունը՝ օգտագործելով եւ զարգացնելով ունեցած հնարավորությունները: Տարածված է այն կարծիքը, որ սա նախագիծ է, որը պաշտպանում է Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանի գործունեությունը: Ինքը՝ «Արարատցեմենտի» սեփականատերը մաքսատուրքերի սահմանումն անիմաստ է համարում, եթե այն չի վերաբերելու նաեւ ցեմենտի արտադրության հումքին: