Պատասխանելով խորհրդարանական ընդդիմության կողմից բարձրացրած խորհրդարանական վերահսկողության ամրապնդմանն ուղղված հարցադրումներին՝ հայտնում եմ, որ շուտով ես եւ «Իմ քայլը» խմբակցության մի շարք այլ պատգամավորներ հանդես ենք գալու սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթաց նախաձեռնելու առաջարկությամբ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Նպատակն է լինելու այլ հարցերի հետ մեկտեղ նաեւ կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմիններին Ազգային ժողովի հերթական նիստերին պատգամավորների հարցերին պատռասխանելու հրավերը։ Այսպիսով, այն ինչ վերջին շրջանում բնութագրվել է որպես գրեթե անհնար կամ մի բան, որին խորհրդարանական մեծամասնությունը դեմ է, իրականությանը չի համապատասխանում»,–նշեց նա։

Մակունցի խոսքով՝ համատեղ աշխատանքը անիրատեսական է համարվել, ուստի իրենք են որոշել հանդես գալ նման նախաձեռնողականությամբ. «Չնայած Ոստիկանությանը, ԱԱԾ–ին, ՊԵԿ–ին ԱԺ հարցուպատասխանին մասնակից դարձնելու ցանկությունը մեր ընդդիմադիր գործիչներին էր, այս ուղղությամբ համատեղ աշխատանքների առաջարկը համարվեց անիրատեսական, այդ պատճառով կարեւորելով նշված կառույցների հանրային հաշվետվողականությունը մենք ինքներս ենք նախաձեռնելու Ազգային ժողով նրանց հրավիրելու համար անհրաժեշտ փոփոխությունների ձեռնարկումը»։