Արդյոք վերջին 10-15 տարիների ընթացքում աղբահանության վճարները վերանայվե՞լ են, թե ոչ, գուցե սխալ ձեւի պլանավորվել է եւ խնդիրների մի մասն այդտեղ է գտնվում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստում աղբահանության խնդրի քննարկման ժամանակ Երեւանի քաղաքապետ։ Հայկ Մարությանին դիմելով հարց ուղղեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ի պատասխան Մարությանն ասաց. «Վճարներին այս կամ այն կերպ պետք է անդրադառնալ, բայց այսօր խնդիրը վճարները չեն»: Նա նշեց, որ «Սանիթեքը» բազմիցս դիմել է իրեն, նշել է, որ այս գումարով հնարավոր չէ այս գործողություններն անել:

«Մենք ասել ենք՝ դուք փաստացի երկու լոտ ունեք, եկեք մեկը հանենք մրցույթի, դուք նույն գնով մասնակցեք մրցույթին, եթե ձեզնից պակաս տվող չլինի, բնականաբար, դուք նորից կշահեք: Նրանք ասացին՝ կքննարկենք: Լիբանանից վերադարձավ, ասաց՝ ոչ, մենք համաձայն չենք: Ես էլ ասացի, ուրեմն այսքանով ավարտում ենք խոսակցությունը, որ սա էժան գին է»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ դա առաջարկ է եղել, որից նրանք չպետք է հրաժարվեին. «Իրենք րոպե առաջ պետք է այդ շանսից օգտվեին, որ հրաժարվեին իրենց համար ծանր պայմանագրից: Այն, որ իրենք դա չեն արել, նշանակում է այստեղ պրոբլեմն այլ է»: