ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ ապրիլի 18-ին, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ կարգադրություն է ստորագրել։

Կարգադրությունում, մասնավորապես, ասված է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը եւ նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորության իրականացումը.

1. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին՝

1) մինչեւ ս. թ. ապրիլի 19-ը կազմակերպել Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ հայտարարության, ինչպես նաեւ Սահմանադրությամբ եւ օրենքներով դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջների եւ դրանք հավաստող փաստաթղթերի ցանկի տեղադրումը՝ Հանրապետության նախագահի աշխատակազմ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանելով ս. թ. մայիսի 3-ը, ժամը 18:00,

2) մինչեւ ս. թ. մայիսի 6-ը Հանրապետության նախագահին փոխանցել Սահմանադրական դատարանի դատավորի թեկանածության համար դիմած հավակնորդների ցուցակը եւ նրանց կողմից ներկայացված փաստաթղթերը (պատճենները),

3) մինչեւ ս. թ. մայիսի 15-ը կազմակերպել անհատական զրույցներ Հանրապետության նախագահին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար դիմած, ինչպես նաեւ Հանրապետության նախագահի կողմից առաջարկված այլ հավանական հավակնորդների հետ,

4) Հանրապետության նախագահի հանձնարարությամբ կազմակերպել Հանրապետության նախագահի հանդիպումները իրավաբան-գիտնականների, իրավաբանական համայնքի հեղինակավոր այլ ներկայացուցիչների հետ՝ Սահմանադրական դատարանի դատավորի հնարավոր թեկնածուի վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով»: