Չգիտեմ՝ ինչն է բարգավաճականներին վրդովեցրել. ես ասել եմ, որ ժամանակն է հասկանանք՝ մեզ ինչն է ավելի շատ ձեռնտու որպես պետություն՝ ունենալ աշխատատեղե՞ր, թե ունենալ ավելի մատչելի ցեմենտ: Այս մասին այսօր՝ ապրիլի 18–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Դրանից որոշ պատգամավորներ ենթադրել են, որ ես նկատի ունեմ, թե իրենց աշխատողներին պետք է հեռացնեն, և այլևս արտադրությամբ չզբաղվեն,  այլ ներմուծմամբ զբաղվեն: Իմ հարցադրումը ենթադրում էր, որ մենք պետք է ունենանք մատչելի ցեմենտ մեր շուկայում: Պետք է ունենանք նաև տեղական արտադրող, դա նաև պայմաններից մեկն է, որպեսզի ունենանք էժան ցեմենտ Հայաստանում, որովհետև եթե չունենանք արտադրություն, մեր հարևան երկրները շատ արագ ցեմենտի գինը կբարձրացնեն: Եվ ներմուծման և արտադրության դեպքում՝ հնարավոր է ունենալ մատչելի ցեմենտ, ինչի ապացույցն այն է, որ երբ սկսեց իրանական ցեմենտը մտնել Հայաստան, ցեմենտի գինը նվազեց 10 հազար դրամով»,– ասաց պատգամավորը։

Հարցին՝ հնարավո՞ր է դժգոհությունը հաշվի առնելով կառավարությունը փոխի որոշումը, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Կառավարությունը հետ կանգնելու խնդիր չունի: Կառավարությունը օրենսդրական նախաձեռնության առաջարկն ուղարկել է Ազգային ժողով: ԱԺ-ում տնտեսական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել այդ նախաձեռնությանը: Որոշ վերապահումներ արել ենք, բայց կողմ ենք քվեարկել, ինչպես նաև՝ տնտեսական հանձնաժողովի՝ «Բարգավաճ Հայասատանը» ներկայացնող երեք պատգամավորները: Նրանք դեմ չեն քվեարկել, ձեռնպահ չեն քվեարկել, այլ քվեարկել են կողմ»։

Պատգամավորը չբացառեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում պետտուրքի չափը փոխվի, և նաև հումքի վրա տարածվել կամ չտարածվելու հարցը քննարկվի:

«Մենք խնդիր ունենք դա անելու արագ, որը բխում է նաև տեղական արտադրողների շահերից: Եթե մենք արագ պետտուրք չսահմանենք ներմուծվող ցեմենտի վրա, շատ արագ Արարատի գործարանը հենց առաջին հերթին կկանգնի, նաև Երևանի և Հրազդանի գործարանները կկանգնեն: Այս քայլով մենք պաշտպանում ենք տեղական արտադրողներին: Պաշտպանում ենք ներմուծվող ցեմենտից:  Ուրեմն Իրանում ցեմենտի գինը սահմանին արժե 10 հազար դրամ, իսկ Հայաստանի գներով  ամենամատչելի ցեմենտը Արարատի գործարանն է առաջարկում՝ 40 հազար դրամ: Դրա համար մենք պետտուրք ենք ցանկանում սահմանել 22 հազար դրամ, որպեսզի իրանական ցեմենտին 10 հազար գումարվի, ու մաքսավճարները գումարվի, տրանսպորտային ծախսերը մինչև Երևան, և Երևանում գինը հավասարվի Արարատի գնին: Սա պաշտպանողական գործիք է, որը մենք կիրառելու ենք մեր արտադրողներին պաշտպանելու համար: Իրենք ցանկանում են, որ նաև հումքի վրա կիրառվի այդ պետտուրքը»,– ասաց նա։

Դիտարկմանը, որ Ծառուկյանն ասում է՝ այդ դեպքում իրեն ձեռք չի տալ գործարարան աշխատեցնելը, պատգամավորը պատասխանեց. «Պարոն Ծառուկյանը գործարար է, և ինքը պետք է որոշի՝ որն է իրեն ավելի ձեռնտու, պահել մեծ գործարան, թե զբաղվել ներմուծմամբ: Մենք որպես պետություն, որպես օրենսդիր իրավունք չունենք խառնվելու կամ նրան խորհուրդ տալու կամ նրան խնդրելու, որ զբաղվի ներմուծմամբ կամ արտադրությամբ»: