Իշխանությունները ՀԿԾՀ նախագահ են ընտրում մի մարդու ով ժամանակին քաղաքական պատվերներ է կատարել

Իշխանությունները ՀԾԿՀ նախագահի թեկնածու են առաջադրել մի մարդու, որը սովոր է քաղաքական պատվեր կատարել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18–ին, ԱԺ–ում ասաց «ԼՀԿ» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով վարչապետի կողմից Գարեգին Բաղրամյանին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրելուն։

Նրա խոսքով, երբ կարդացել է Բաղրամյանի կենսագրականը, զարմացել է, քանի որ 2004–2018 թվականներին նա աշխատել է նույն հանձնաժողովում։

«Եթե մենք ուզում ենք կառուցել նոր Հայաստան, նոր մոտեցումներով, մի՞թե երկրում չկան պրոֆեսիոնալներ, որոնք չեն եղել հին համակարգում, թաթախված այն հին խնդիրների մեջ, որոնց դեմ մենք միշտ պայքարել ենք»,– ասաց Գորգիսյանը։

Գորգիսյանին համար տարակուսելի է նաև փաստը, որ Բաղրամյանն ազգակցական կապ ունի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, նրա քենակալն է։

«Սիրելիներս, եթե մենք այսպես ենք որոշելու՝ ում բերենք, մենք լավ տեղ չենք գնում, որովհետև մենք տեսել ենք խնամի, ծանոթ, բարեկամ բերել դնելն ուր է տանում։ Երբ իմ սիրելի գործընկերներին ասում են՝ դուք անփորձ  եք, դուք ասում եք՝ այո, մենք չունենք կոռուպցիայի փորձ, թալանի փորձ, հին համակարգի ռեժիմում եղած լինելու փորձ։ Էս մարդը ունի բոլոր էդ փորձերը, որոնք դուք միշտ թիրախավորում եք»,– ասաց Գորգիսյանը։

Գորգիսյանը վստահ չէ, որ Բաղրամյանն այսուհետև էլ չի աշխատի նախկին տրամաբանությամբ։

«Նա, երբեք զերծ չի եղել քաղաքական ճնշումներից եւ սովոր չէ գործել ինքնուրույն, իսկ այս կառույցը շատ կարեւոր միակ կառույցն է, ով պետք է պահպանի քաղաքացու շահն ընդդեմ գիգանտների, ընդդեմ այսպես կոչված բնական մենաշնորհների։ Եվ այդ կարեւոր կառույցը, կարեւոր հենակետը մենք թողնում ենք մի մարդու հույսին, ով սովոր է կատարել քաղաքական պատվերներ, ով սովոր է արդարացնել կեղծմ որոշումները, եւ մենք հույս ունենք, որ ամեն ինչ լավ է լինելու»,– եզրափակեց Գորգիսյանը։

Արձագանքելով Գորգիսյանի ելույթին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն ասաց. «Պարոն Գորգիսյան, եթե ունեք փաստեր, որ թեկնածուն ներգրավված է կոռուպցիոն մեխանիզմների մեջ, կարող եք հանցագործության մասին հաղորդում տալ, այլապես զրպարտություն կարող է դիտվել ձեր ելույթը»։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկության արդյունքում 85 կողմ, 20 դեմ ձայներով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գարեգին Բաղրամյանը։  Գարեգին Բաղրամյանը Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար էր։