Փարիզի Աստվածամոր տաճարի վանահայր Պատրիկ Շովեն ենթադրել է, որ համակարգչային համակարգի խափանումը կարող էր Նոտր Դամում բռնկված հրդեհի պատճառ դառնալ, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով Associated Press-ին:

Նոտր Դամի վանահայրը չի պարզաբանել, թե հատկապես որ համակարգչային համակարգի մասին է խոսքը, սակայն նշել է, որ հրդեհի պատճառը, հավանաբար, պարզ կդառնա առաջիկայում: «Հնարավոր է՝ մենք կիմանանք՝ ինչ էր տեղի ունեցել (տաճարում հրդեհից առաջ) երկու-երեք ամիս անց»,-ասել է Շովեն գործարարների հետ հանդիպման ընթացքում:

Ընդ որում՝ նա հավելել է, որ քննիչները դեռեւս չեն կարող մուտք գործել տաճար անվտանգության նկատառումներով:

Մինչդեռ Le Parisien թերթը հաղորդում է, որ քննիչները պարզում են՝ արդյոք հրդեհը կապված էր համակարգչային խափանման, թե ժամանակավոր վերելակների անսարքության հետ, որոնք օգտագործվում էին վերանորոգման աշխատանքների ժամանակ:

Երկուշաբթի՝ ապրիլի 15-ին, ուժգին հրդեհ էր տեղի ունեցել Փարիզի Աստվածամոր տաճարում: Այն բռնկվել էր շինարարական փայտամածի վրա, որը տեղադրված էր տաճարի տանիքին վերականգնողական աշխատանքների համար: Տաճարին զգալի վնաս է հասցվել. փլուզվել է սրածայր աշտարակը, ինչպես նաեւ տանիքը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ քննիչները համարում են, որ Նոտր Դամում հրդեհի պատճառներից մեկը կարճ միացումն էր: