Վրաստան այցի ընթացքում  քննարկվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև համագործակցության հարցեր։

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է  ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանի՝ Վրաստանի Հանրապետություն այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների փոխնախարարներ Լերի Բարնաբիշվիլիի և Լաշա Խութիշվիլիի հետ: Քննարկվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև համագործակցության վերաբերող հարցեր: Այնուհետև Վրաստանի ֆինանսների նախարարության կազմում գործող Քննչական ծառայությունում կայացել է հանդիպում ղեկավար անձնակազմի հետ` ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլի գլխավորությամբ: Ստորաբաժանումը զբաղվում է տնտեսական հանցագործությունների բացահայտմամբ, կանխմամբ և քննությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հուշագիր ստորագրելու մասին, որը կվերաբերվի միջազգային պայմանագրերով նախատեսված տեղեկությունների օպերատիվ փոխանակմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցությանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այն բոլոր խնդրահարույց հարցերին, որոնք առաջանում են տնտեսական հանցագործությունների, մասնավորապես՝ հարկային հանցագործությունների քննության ժամանակ: