ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն անազատության մեջ պահվող արջերին իրենց վանդակներից տեղափոխելու համար կմիջամտի միայն այն ժամանակ, երբ այդ արջերին ընդունող կողմ լինի: Այս մասին «ԷկոԼուրին»  հայտնեց տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը:

Հիշեցնենք, որ օրերս NEWS.am-ը ահազանգ էր ստացել «Աշտարակի ձոր» ռեստորանում և Երևանի բակերից մեկում վանդակներում պահվող արջերի մասին:

Վրույր Պեպանյանի խոսքով` նախկինում տեսչությունը համագործակցում էր մասնագիտացված կառույցների հետ, և անազատության մեջ պահվող կենդանիները բանակցությունների միջոցով տեղափոխվում էին կա՛մ Կենդանաբանական այգի, կա՛մ Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամ: Սակայն այս պահին այդ կենտրոնները չեն կարող նոր առանձնյակներ ընդունել՝ հագեցվածության պատճառով:

«Տասնյակից ավելի արջեր ենք տեղափոխել: Դա է պատճառը, որ այսօր իրենց տարածքները հագեցած են: Հիմա նույնպես բանակցում ենք, բայց կա տեղի խնդիր: Ընդունող կողմը չի կարողանում ընդունել կենդանիներին: Ասում են, որ որոշ ժամանակ անց կկարողանան 1-2-ին ընդունել: Պետք է լուծումը լինի, որպեսզի կարողանանք կոնկրետ միջամտություն կատարել: Երբ նորություն լինի, գործունեություն կկիրառենք և կտեղակացնենք այդ մասին»,- ասաց նա: