Կույր ճապոնացի Միցուհիրո Իվամոտոն աշխարհում առաջին անգամ ոչ մեծ զբոսանավով հատել է Խաղաղ օվկիանոսը. շաբաթ առավոտյան նրա նավը մոտեցել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Իվակի նավահանգստին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մոտ 14 հազար կլիոմետր ճանապարհորդությունը 12 մետրանոց զբոսանավով սկսվել էր փետրվարի 24-ին ամերիկյան Սան Դիեգո նավահանգստում։ Այդ ամբողջ ընթացքում Իվամոտոյին օգնել է ամերիկացի Դուգլաս Սմիթը, որը ստանձնել էր շտուրմանի դերը, բայց ոչ մի օգնություն չի ցուցաբերել նավի կառավարման գործում։

Սա արդեն Խաղաղ օվկիանոսը հատելու Իվամոտոյի երկրորդ փորձն է։ 2013-ին նա ձեռնարկեց առաջին փորձը, բայց նրա նավը խորտակվեց նավարկումն սկսելուց մի քանի օր հետո։

Իվամոտոն տեսողությունը կորցրել է 16 տարեկանում։ 2018-ին նա եւ Սմիթը դրամահավաք են հայտարարել ճանապարհորդությանն աջակցելու համար։ Հավաքված բոլոր միջոցները կտրամադրվեն բարեգործությանը՝ կուրության հանգեցնող հիվանդությունների բուժման համար։

«Մոտ 50 դոլարով, իսկ դա, գուցե, ավելի քիչ է, քան կծախսեիք տնից դուրս ընթրելու համար, դուք կարող եք օգնել վերականգնելու չտեսնող մարդու տեսողությունը, օգնել կանխելու մյուսների տեսողության կորուստը»,- ասվում է նավաստու էջի ուղերձում։