Ապրիլի 20-ին Եգիպտոսում սկսվել է երկրի նախագահ, ֆելդմարշալ Աբդել Ֆաթահ աս Սիսիի լիազորությունների ընդլայնման եռօրյա հանրաքվե։ Ավելի քան 60 միլիոն ընտրողներին առաջարկվել է իրենց վերաբերմունքը հայտնել սահմանադրության լրացումների վերաբերյալ, որոնք թույլ կտան աս Սիսիին իշխանությունում մնալ մինչեւ 2030 թվականը, տեղեկացնում է DW-ը։

Ինչպես նշում է պարբերականը, հանրաքվեի դրական ելքը կասկած չի հարուցում, նշանակություն ունի միայն ընտրողների ակտիվությունը։ Իրավապաշտպաները եւ դիտորդները չեն ակնկալում ազատ քվեարկություն եւ նախազգուշացնում են իրավիճակի հետագա վատթարացման մասին Եգիպտոսում մարդու իրավունքների հետ կապված։

Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ առաջարկվող սահմանադրական լրացումները միայն կարագացնեն արդարադատության մարմինների անկախության ապամոնտաժումն ու զինվորականներին էլ ավելի մեծ իրավունքներ կտան միջամտելու քաղաքական կյանքին։ Վերջին ժամանակներս բարեփոխումների քննադատների վրա ուժեղ ճնշում է գործադրվել։

Եգիպտոսի խորհրդարանը ապրիլի 16-ին հավանություն է տվել սահմանադրության լրացումներին ձայների երկու երրորդով։ Աս Սիսին 2018-ին վերընտրվել է նախագահ՝ ստանալով ձայների 97 տոկոսը։ Նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է 2022 թվականին։ Հանրաքվեի ներկայացված սահմանադրական լրացումները կընդլայնեն աս Սիսիի լիազորությունները նաեւ արդարադատության մարմիններում բարձր պաշտոնների նշանակման հարցում։