Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո անցած 104 տարում ոչինչ չի փոխվել։ Այս մասին ասաց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը մամուլի ասուլիսում։

«Ընդհակառակը, Թուրքիայի դիրքորոշումները խստացել են։ Դա հատկապես նկատելի է վերջին տասնամյակներում»,- նշել է թուրքագետը՝ ավելացնելով, որ Ցեղասպանության մերժման գործում ակտիվորեն մասնակցում են թուրքական իշխանությունները՝ հանձինս ԱԳՆ-ի եւ գաղտնի ծառայությունների։ «Էրդողանի քաղաքականությունը կախված է նրա շահերից։ Այսօր նա մի բան ասում է սպիտակ է, վաղը կասի, որ սեւ է՝ կախված քաղաքական շահերից»,- նշել է թուրքագետը։

Տիրան Լոքմագյոզյանը հիշեցրել է, որ ժխտման քաղաքականությունը տարածվում է այլ երկրների վրա. երբ ինչ-որ երկիր ընդունում կամ բարձրացնում է ճանաչման հարցը, Թուրքիան անհապաղ դիմում է տարբեր մակարդակներում դրան դիմակայելուն։ Այս համատեքստում նա ողջունել է այն փաստը, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է ինչ-որ բան ձեռնարկել ի հավելումն նրա, որ Ֆրանսիան ճանաչել է Ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը հայտարարել զոհերի հիշատակի օր։ «Ի պատասխան Թուրքիան  Ֆրանսիային հիշեցնում է նրա սեփական մեղքերը գաղութներում։ Հարձակումը լավագույն պաշտպանությունն է»,- նշել է թուրքագետը։

Սակայն, նման քաղաքականության հետեւանքով Թուրքիան մնում է միայնակ եւ դրա համար էլ ընտրել է նոր մարտավարություն։ Հիմա նրանք խոսում են այն մասին, որ «կարծեցյալ ցեղասպանությունը պատմաբանների խնդիրն է»՝ այդպիսով քննարկումը տեղափոխելով քաղաքական դաշտից, որտեղ պարտություն են կրում։

«Ինչ վերաբերում է երկրների ընդունմանը՝ շահերից ելնելով, ապա ճանաչումը պատեհապաշտությունից ելնելով անբարո է եւ մեզ հարկավոր չէ։ Ամենակարեւորը՝ կճանաչի՞ արդյոք Թուրքիան, երբ եւ ինչ պայմաններում։ Ներկա վիճակում Անկարան չի ճանաչի, անգամ եթե ճանաչի ամբողջ աշխարհը։ Պետք է աշխատել հենց Թուրքիայի հետ։ Մենք չպետք է հանձնվենք, բայց Թուրքիան պետք է լավ իմանալ, հասկանալ նրա հոգեբանությունը։ Նրա հետ պետք է վարել կոշտ քաղաքականություն, ինչը չի եղել մինչեւ այսօր, ու հիմա էլ չկա։ Փափկությունը կհանգեցնի հակառակ արդյունքի։ Հրեաները հազար տարի սպասեցին, մինչեւ որ հասան նպատակին»,- նշել է Տիրան Լոքմագյոզյանը։