Մեծ Բրիտանիայի կառավարող՝ Պահպանողական կուսակցությունը կքննարկի վարչապետ Թերեզա Մեյին անվստահություն հայտնելու նոր հնարավորությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Daily Telegraph-ին։

Նրա տվյալներով՝ 1922 խորհրդարանական կոմիտեն, որը միավորում է շարքային թորիներին, ապրիլի 23-ին նիստ կգումարի, որտեղ կքննարկվեն Մեյին իշխանությունից հեռացնելու հնարավոր ուղիները։ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ձգձգման հետ կապված՝ պահպանողականները լրջորեն երկյուղում են, որ Եվրախորհրդարանի ընտրությունների անցկացման հեռանկարը մայիսին կարող է «աղետ» դառնալ իրենց կուսակցության համար։

Համաձայն գործող ներկուսակցական կանոնների՝ պահպանողական պատգամավորները կարող են տարին միայն մեկ անգամ անվստահություն հայտնել իրենց առաջնորդին։ 2018 թվականի դեկտեմբերին Մեյին հաջողվեց մնալ իր պաշտոնում, երբ 1922 կոմիտեն նախաձեռնեց նման քվեարկության անցկացումը։ Սրա հետ կապված՝ պահպանողականները մտադիր են փոխել գործող կանոնները եւ հնարավորություն ստանալ անվստահություն հայտնելու կես տարին մեկ։ Եթե դա տեղի ունենա, ապա թորիները կկարողանան փորձել Մեյին հանել արդեն այս տարվա մայիսին։

«Ես, անշուշտ, հակված եմ նրան, որ մենք փոխենք կանոնները, եթե չհաջողվի այլ ելք գտնել այս իրավիճակից»,- ասել է պահպանողականների կոմիտեի համանախագահ Նայջլ Էվանսը։ «Մենք չենք կարող հետաձգել դա (քվեարկությունը) 12 ամսով։ Եթե մենք մասնակցենք Եվրախորհրդարանի ընտրություններին, ապա նա միակ մարդն է, որը պատասխանատվություն կկրի դրա համար»,- ասել է նա։

Պահպանողական կուսակցության նախկին առաջնորդ Իան Դանքան Սմիթը (2001-2003) ավելի վաղ Sky News հեռուստաալիքի եթերում իրատեսական է անվանել Մեյի հեռանալու սցենարը վարչապետի պաշտոնից մայիսին կամ հունիսին։ Թորիների նախկին առաջնորդը հիշեցրել է բրիտանական վարչապետի՝ հրաժարական տալու խոստման մասին, հենց որ խորհրդարանն ընդունի Եվրամիությունից դուրս գալու պայմանների համաձայնագիրը՝ նշելով, որ դա կարող է տեղի ունենալ մայիսին կամ հունիսին։