Լիբիայի ժամանակավոր կառավարությունը մարտին պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել, հաղորդում է addresslibya.com-ը:

Ինչպես նշում է պարբերականը, վկայակոչելով երկրի ԱԳՆ-ն, ապրիլի 18-ին երկրի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ է կազմակերպելու:

Նյութում ներկայացված է պատմական տեղեկանք Օսմանյան Կայսրությունում հայերի կալանավորումների, տեղահանությունների, հայ մտավորականության սպանությունների, նաեւ հայ բնակչության «մահվան երթի» մասին դեպի Սիրիայի անապատներ: Նշվել է նաեւ Ցեղասպանության հետեւանքով 1,5 մլն հայերի մահվան մասին:

Կառավարությունը մամուլի հաղորդագրությամբ հայտնում է, որ ներկայիս Լիբիայի նախարարների խորհրդի օրենսդրական տնօրենությունը աշխատանք է տանում բանաձեւելու որոշում, որի համաձայն` Լիբիայում այսուհետ ամեն տարի ապրիլի 24–ին կոգեկոչվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: