Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհավորանքի մեջ ասված է.

«Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, մեր ժողովրդի բարեկամներին, Սուրբ Զատիկը նշող բոլոր քրիստոնյաներին, այս օրերին Հայաստանում գտնվող հյուրերին:

Այս օրը քրիստոնյա աշխարհի կողմից նշվում է առանձնահատուկ հանդիսավորությամբ եւ սիրով, առավել եւս մեր ժողովրդի պարագայում: Որպես քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած երկիր՝ քրիստոնեական հավատն արդեն բազում դարեր խորն ու ամուր նստած է հայ հողի, հայ մարդու, մեր ինքնագիտակցության մեջ:

Իր նշանակությամբ եւ ընդգրկումով Սուրբ Հարության խորհուրդն ավելին է, քան եկեղեցական տոնը: Այն յուրովի է համախմբում մեզ, ոգեւորում եւ զորացնում բոլորիս, վերածնում, նորոգում եւ ամրապնդում հավատը սեփական ուժերի հանդեպ, նոր հույսեր պարգեւում վաղվա օրվա հանդեպ:

Այս տոնը նաեւ յուրատեսակ կոչ է՝ լինել ավելի միասնական ու համախմբված, ավելի հեռատես, հաստատակամ, հանդուրժող, հատկապես որ աշխարհն այսօր լի է անկայուն եւ մտահոգիչ իրադարձություններով:

Մաղթում եմ, որ Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը լուսավորի ու նոր ավյունով լցնի մեզնից յուրաքանչյուրի սիրտը, մղի նոր ու բարի գործերի՝ հանուն Հայաստանի եւ մեր ժողովրդի:

Քրիստոս հարյավ ի մեռելոց:

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: