Տխրահռչակ «Տիտանիկի» անձնակազմի անդամներից մեկի կողմից գրված նամակը աճուրդի է հանվել Մեծ Բրիտանիայում՝ հայտնում է Fox News-ը։

Նավի կարգադրիչ Ռիչարդ Գեդեսը 1912թ․ ապրիլի 10-ին Սաութհեմփթոն նավահանգստից լեգենդար նավի դուրս գալուց մեկ օր անց փոստով նամակն ուղարկել է իր կնոջը՝ Սառային, որին նա անվանում է Սել։

Նամակում նկարագրվում է այլ նավի՝ «Նյու Յորքի» հետ բախման վտանգը։ Նշվում է, որ երբ «Տիտանիկը» դուրս է եկել նավահանգստից, հայտնվել է մեկ ուրիշ նավից մի քանի ֆուտ հեռավորության վրա։

«Իմ թանկագին Սել։ Երեկ մենք խուսափեցինք մեծ անախորժություններից։ Երբ մենք լողում էինք «Նյու Յորքի» կողքով, այն շատ մոտեցավ մեզ, իսկ մեր բախտն ուղղակի բերեց, որ մենք չբախվեցինք»,- գրել է կնոջը Գեդեսը։

Encyclopedia Titanica-ի համաձայն, ավելի ուշ շատերն այդ միջադեպը ընդունել են որպես վատ նշան, քանի որ բախումը կօգներ նրանց խուսափել ողբերգությունից, որը տեղի ունեցավ դեպի Նյու Յորք տրանսատլանտյան ուղեւորության ժամանակ, երբ 1912թ․ ապրիլի 14-ին «Տիտանիկը» բախվեց սառցաբեկորի հետ եւ խորտակվեց՝ 1500 մարդու հետ միասին։

«Հուսով եմ՝ դու քեզ լավ ես զգում եւ չես անհանգստանում։ Ես ինձ հիանալի եմ զգում։ Նուրբ սիրով եւ համբույրներով՝ կնոջս եւ երեխաներիս։ Քո սիրող ամուսին Դիք»,- գրված է զոհված ծովայինի նամակում։