Շրի Լանկայում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 160-ի, հաղորդում է News First տեղական պորտալը:

Ըստ AP-ի տվյալների՝ վիրավորների թիվը հասել է 500-ի: Համաձայն գործակալության աղբյուրի՝ կան կասկածներ, որ եկեղեցիներում երկու պայթյունն իրականացվել էր մահապարտ ահաբեկիչների կողմից:

Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիքրամասինգխեն դատապարտել է եկեղեցու եւ հյուրանոցի վրա տեղի ունեցած հարձակումը: «Ես խստորեն դատապարտում եմ այսօր մեր ժողովրդի վրա կատարված երկչոտ հարձակումը: Ես կոչ եմ անում բոլոր շրիլանկացիներին մնալ միասնական եւ ուժեղ այս ողբերգական օրերին: Խնդրում եմ, մի տարածեք չստուգված տեղեկություններ եւ սպեկուլյացիա: Կառավարությունը ձեռնարկում է անհապաղ քայլեր այդ իրավիճակը զսպելու և վերահսկելու ուղղությամբ»,-թվիթերյան գրառում է արել Վիքրամասինգխեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Երկրի կրթության նախարարը հայտնել է պետական դպրոցներում դասերը չեղարկելու մասին հաջորդ շաբաթվա ընթացքում:

Շրի Լանկայի եկեղեցիներում եւ հյուրանոցներում զոհվել են նաեւ օտարերկրացիներ: Այդ մասին թվիթերյան պաշտոնական էջում հայտնել է հանրապետության տնտեսական ռեֆորմների նախարար Հարշա դե Սիլվան, հաղորդում է ՌԲԿ-ը:

Նա հաստատել է, որ պայթյունները որոտացել են Քոչիքադի Սուրբ Անտոնիա եկեղեցում, ինչպես նաեւ Shangri La եւ Kingsbury հյուրանոցներում: Դեպքի առնչությամբ երկրի կառավարությունը կանցկացնի արտահերթ նիստ: Պաշտոնյան նշել է, որ դեպքի վայրերում դեռեւս կատարվում են փրկարարական աշխատանքներ: «Խնդրում եմ, պահպանեք հանգստություն եւ մնացեք շենքերում: [Տեղի ունեցածի հետեւանքով] կան բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ օտարերկրացիներ»,-գրել է դե Սիլվան՝ դիմելով տեղաբնակներին:

Պայթյունները որոտացել են ապրիլի 21-ի առավոտյան երկրի երեք քաղաքներում միաժամանակ: Կոլոմբոյում ռումբերը պայթել են կաթոլիկ եկեղեցում եւ երեք էլիտար հյուրանոցներում, իսկ Նեգոմբոյում եւ Բատիկալոայում՝ եւս երկու եկեղեցիներում: