Միսուրիում Կու-կլուքս-կլանի առաջնորդի կինը՝ 47-ամյա Մալիսա Անկոնան խոստովանել է իր ամուսնու՝ Կու-կլուքս-կլանի առաջնորդ Ֆրենք Անկոնայի սպանությունը:

Ինչպես հաղորդում է USA.one-ը, դատախազության հետ համագործակցության պայմանների համաձայն՝ կինը դատապարտվել է ցմահ ազատազրկման երկրորդ աստիճանի սպանության մեղադրանքով: Հանցագործությունը տեղի է ունեցել Լինդվուդում գտնվող նրանց տանը 2017 թվականին:

Դատավարության ընթացքում կինը նշել է, որ գործել է միայնակ՝ չնայած ավելի վաղ ասում էր, որ նրա որդին՝ Փոլ Ջինքերսոն կրտսերն էր կատարել հանցագործությունը:

2017 թվականի փետրվարին Մալիսա Անկոնան հայտնել էր ոստիկանությունը, որ իր ամուսինն անհետացել էր:

Հետաքննության ընթացքում կինն ու իր որդին ձերբակալվել էին: Ավելի ուշ բանտում գրված նամակում Անկոնան խոստովանել էր, որ նա է կրակել ամուսնուն, իսկ որդին միայն օգնել է մորը ազատվել մարմնից: «Որդիս անմեղ է»,-ընդգծել է Անկոնան:

Անկոնայի հայրը՝ Ֆրենք Անկոնա-ավագն ասել է դատավորին, որ եկել էր որդու դին ճանաչելու համար. նրա դեմքն ամբողջովին աղավաղվել էր կրակոցի հետևանքով: Տղամարդը նաև նշել է, որ մեղադրյալը «սարսափելի կին էր»: Նրա խոսքերով՝ բազմիցս հարցրել է իր որդուն. «Ինչո՞ւ ես դու դեռևս նրա հետ»: Ըստ դատական տվյալների՝ զոհվածը խնդրում էր իր տիկնոջն ապահարզան տալ: Ֆրենք Անկոնան համոզված է, որ նրանց հարաբերությունների խզումն էլ դարձել էր իր որդու մահվան պատճառը:

Ըստ Riverfront Times-ի՝ նախքան մահը Անքոնան պատմել էր իր ընտանիքի անդամներին, որ կինն իրեն սպանելու փորձ է արել՝ թունավորելով իր ուտելիքը: Նրա կարծիքով՝ կինը հույս ուներ, որ նա կքնի ղեկին: Ֆրենք Անկոնա-կրտսերն անվանել էր ինքն իրեն Կու-Կլուքս-կլանի կայսերական մոգ: