Բահրեյնի թագավոր Համադը կարգադրել է վերականգնել 551 բահրեյնցիների քաղաքացիությունը, որոնք ավելի վաղ զրկվել էին դատարանի վճռով: Որոշումը կայացվել էր մի քանի օր անց, երբ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան իր մտահոգությունն էր հայտնել նմանօրինակ որոշումների առնչությամբ, հաղորդում է AFP-ը:

Թագավորը, որն իրավունք ունի չեղարկել դատարանի որոշումները, խնդրել է իրավասու մարմիններին հաշվի առնել «կատարված հանցագործությունների բնույթը», հաղորդում է Բահրեյնի տեղեկատվական գործակալությունը:

Ներքին գործերի նախարարությանը հանձնարարվել էր ուսումնասիրել գործերը եւ պատրաստել այն մարդկանց ցուցակները, որոնց քաղաքացիությունը չի վերականգնվելու:

Ըստ իրավապաշտպան խմբերի գնահատականների՝ 990 մարդ՝ հիմնականում շիիթներ, զրկվել էին քաղաքացիությունից կառավարության դեմ բողոքի ցույցերից հետո: