Երկուշաբթի Շրի Լանկա կղզում՝ Կոլոմբոյում, նոր պայթյուն է որոտացել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին:

Նախնական տվյալներով՝ ականազերծման ժամանակ եկեղեցու մոտ կայանված պայթուցիկով լցված ֆուրգոնը պայթել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Շրի Լանկայի իշխանությունները երեքշաբթի՝ ապրիլի 23-ին, սգո օր են հայտարարել ի հիշատակ Կոլոմբոյում պայթյունների ժամանակ զոհվածների:

Նշվում է, որ երեքշաբթի՝ ապրիլի 23-ին, Շրի Լանկայում հայտարարվել է ազգային սգո օր: Պետական հաստատությունների շենքերի վրա պետական դրոշները կիջեցվեն, երկրի ամբողջ տարածքում զվարճանքի միջոցառումները կչեղարկվեն: Դրանից բացի, իշխանությունները կարգադրել են առանց ձգձգումների իրականացնել ահաբեկչական հարձակումների զոհերի ճանաչումը եւ ազգականներին մարմնների հանձնումը:

Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունների շարքը, որի հետեւանքով, վերջին տեղեկություններով, զոհվել է 290 մարդ, նրանց թվում ավելի քան 30-ը արտասահմանցիներ են: Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում ընդհանուր 8 պայթյուն է տեղի ունեցել, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում զատկի պատարագի ժամանակ եւ հյուրանոցներում: