Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կտրուկ քննադատել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը՝ հայտարարելով, որ քաղաքական կուրսի փոփոխումը եւ ազգայնականների հետ դաշինքը մարտի 31-ին տեղական ինքնակառավարման ընտրություններում կուսակցության պարտության պատճառ դարձան՝ հայտնում է Reuters-ը։

Չնայած նրան, որ ԱԶԿ-ն հաղթանակ է տարել համայնքների եւ քաղաքների մեծ մասում, այն կորցրել է մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Անկարան եւ Ստամբուլը, որոնց քաղաքապետներ են ընտրվել ընդդիմության թեկնածուները։

Իր պաշտոնանկությունից երեք տարի անց Էրդողանին նետված առաջին հրապարակային լուրջ մարտահրավերում Դավութօղլուն, լինելով ԱԶԿ-ի անդամ, քննադատել է կուսակցության տնտեսական քաղաքականությունը, ԶԼՄ-ների հանդեպ սահմանափակումները։

Դավութօղլուն կուսակցությունում կարեւոր դեմք է, նա 2014-2016թթ․, մինչ Էրդողանի հետ վիճելը, զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։