Մենք նաեւ գանգատներ ենք ստանում այն կապակցությամբ, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում միանում են ադրբեջանական, թուրքական, իրանական ռադիոծրագրեր եւ նույնիսկ հեռուստածրագրեր: Այս մասին ապրիլի 22-ին ԱԺ-ում «Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության մասին» հաշվետվությունը ներկայացնելիս ասաց կառույցի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ տվյալ ծրագրերի եթերների արգելափակումը չի մտնում իրենց պարտականությունների եւ գործունեության շրջանակի մեջ, այլ հատուկ ծառայությունների հետաքրքրության անմիջական օբյեկտ է: Հակոբյանը, մասնավորապես, զարմանք հայտնեց այն փաստի հետ կապված, որ Հայաստանի օրենսդրությունը չի նախատեսում մարզային ռադիոընկերությունների ստեղծում: Նա նշեց, որ Հայաստանում մարզեր կան, որտեղ ոչ մի հեռուստաընկերություն չկա: Որպես օրինակ նա նշեց Տավուշի եւ Վայոց ձորի մարզերը: