Nur Otan կուսակցության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկել է Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին առաջադրել Ղազախստանի նախագահի թեկնածու, տեղեկացնում է Tengrinews.kz-ը։

«Որպես Nur Otan կուսակցության նախագահ ես համագումարի քննարկմանն եմ ներկայացնում Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի թեկնածության առաջադրումը Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։ Բազում տարիներ ճանաչելով նրան՝ համատեղ աշխատանքում, այսօր երկրում այդ պաշտոնի ամենաարժանավոր թեկնածուն եմ համարում նրան։ Տոկաեւը անկախության առաջին տարիներից աշխատել է ինձ հետ տարբեր տեղամասերում։ Նա նրանցից մեկն է, ով ինձ հետ միասին սկսել է կառուցել Ղազախստանի արտաքին քաղաքականությունը՝ երկար տարիներ ղեկավարելով արտաքին գործերի նախարարությունը։ Նրա դիվանագիտական կարգը բարձր է գնահատվում արտասահմանում։ Դուք գիտեք, որ նա եղել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը։ Որպես Սենատի նախագահ նա հսկայական ավանդ է ներդրել պառլամենտարիզմի զարգացման գործում։ Այս ամբողջ տարիներին նա իմ հավատարիմ զինակիցն է եղել»,- ասել է Նուրսուլթան Նազարբաեւը Nur Otan-ի արտահերթ XIX համագումարում։

Համագումարին մասնակցում են բոլոր մակարդակների պատգամավորները, քաղաքական խորհրդի անդամները, կուսակցության վետերանները, տարածաշրջանային մասնաճյուղերի, սկզբնական կուսակցական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ «Ժաս Օթան» երիտասարդական թեւի ակտիվիստները։

Ապրիլի սկզբին պետության ղեկավարը հայտարարել էր, որ հունիսի 9-ին երկրում տեղի կունենան նախագահի արտահերթ ընտրություններ։ Տոկաեւը կարծում է, որ ընտրությունները կվերացնեն ցանկացած անորոշություն, կապահովեն հսարակական-քաղաքական համաձայնություն եւ կլուծեն սոցիալական ու տնտեսական զարգացման հարցերը։ Նա երաշխավորել է, որ ընտրությունները կանցնեն ազնիվ, բաց եւ արդար։