Ադրբեջանում տեղի է ունեցել «դա ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ» շարքի միջադեպ:

Contact.az-ը նշում է, որ Սաաթլինյան շրջանում ընդդիմադիր ակտիվիստ Ռուսլան Նասիրլիին թույլ չեն տվել Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության տեղական բաժանմունքի ղեկավար Շամիլ Հաջիբեյլիի դստեր հետ հարսանյաց հանդեսը կատարել «Խայալ» տեղական հանդիսությունների տանը: «Հարսանիքը ծրագրված էր, սակայն վերջին պահին հանդիսությունների պալատից ասացին, որ արարողությունը չեղարկվում է: Ընդ որում՝ նրանք վկայակոչեցին շրջանի ղեկավար Սիրագեդին Ջաբարովի հրահանգը: Ավելին՝ մեր ծնողներից պահանջել են ամուսնությունը չեղարկել: Իհարկե, այս պահանջն անտեսվել է, բայց մենք ստիպված էինք հարսանիքն անել տան բակում»,- ասել է Նասիրլին: Նա տեղական իշխանությունների գործողություններն անվանել է խայտառակություն:

Ռուսլան Նասիրլին, այսպես կոչված, Ազգային ճակատի ապօրինի ֆինանսավորման գործի ֆիգուրանտներից է եւ դատապարտվել է պայմանական պատժի: