Երեքշաբթի Հնդկաստանում սկսվել է խորհրդարանական ընտրությունների յոթ փուլից երրորդը 13 նահանգներում եւ երկու միութենական տարածքում։ Ինչպես տեղեկացնում է Հնդկաստանի Ընտրական հանձնաժողովը, քվեարկության տեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 07.00-ին 116 ընտրատեղամասերում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հնդիկները երեքշաբթի իրենց ձայնը կտան Ասամ, Բիհար, Գոա, Գուջարաթ, Ջամու եւ Քաշմիր, Արեւմտյան Բենգալիա, Կառնատակա, Կերալա, Մահարաշթրա, Օդիշա, Տրիպուրա, Ուտար-Փրադեշ, Չհատիսհարհ նահանգներում, ինչպես նաեւ միութենական Դադրա եւ Նագար-Հավելի, Դաման եւ Դիու տարածքներում։

Հնդկաստանում գրանցվել է 900 մլն ընտրող։ Համընդհանուր խորհրդարանական ընտրություններն սկսվել են ապրիլի 11-ին, արդեն տեղի են ունեցել առաջին եւ երկրորդ փուլերը։ Ընտրողները մինչ այժմ բավական բարձր ներկայացվածություն են ապահովում՝ 66 տոկոս։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Հնդկաստանի Ընտրական հանձնաժողովը, այս քվեարկությունը կարող է դառնալ ամենամասշտաբայինը համաշխարհային պատմության մեջ ընտրողների թվով։ Ընտրությունները կարելի է նաեւ ամենաերկարատեւն անվանել աշխարհում։ Դրանք տեղի են ունենում բոլոր 29 նահանգներում  եւ յոթ միութենական տարածքներում յոթ փուլով (ապրիլի 11, 18, 23, 29, մայիսի 6, 12 եւ 19)։ Ձայների հաշվարկը ավարտվելու է մինչեւ մայիսի 23-ը։

Հիմնական պայքարն ընթանում է երկու առաջատար քաղաքական ուժերի՝ կառավարող Բհարաթիա ջանաթայի եւ ընդդիմադիր «Հնդկական ազգային կոնգրեսի» միջեւ։ Գլխավոր ինտրիգն այն է, թե կկարողանա արդյոք ԲՋԿ-ն կրկնել 2014-ի հաջողությունը, իսկ գործող վարչապետ Նարենդրա Մոդին՝ զբաղեցնել պաշտոնը երկրորդ անգամ։