Ինդոնեզիայում համընդհանուր ընտրություններից հետո ձայների հաշվարկի ժամանակ ավելի քան 50 մարդ է  մահացել:

Նման տվյալներ է ներկայացրել երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արիֆ Բուդիմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Tempo-ին:

Նրա խոսքով, «ապրիլի 17-ին երկրում անցկացված ընտրություններից հետո ձայների հաշվարկի ժամանակ ընտրական հանձնաժողովի 54 ներկայացուցիչներ ուժեղ գերհոգնածությունից մահացել են, եւս 32 հոգի հոսպիտալացվել»: Նա նշել է, որ «շատ վայրերում աշխատանքային օրը սկսվել է առավոտյան ժամը 05:00-ին եւ ավարտվել գրեթե մեկ օր հետո»:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԿԸՀ նախագահը, ապրիլի 17-ին կայացած ընտրությունները դարձել են աշխարհում խոշորագույնը: Նախագահից բացի, Ինդոնեզիայի քաղաքացիները ընտրում էին նաեւ խորհրդարանի երկու պալատների պատգամավորների, տեղական օրենսդիրների:

Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է գրեթե 240 հազար թեկնածու, ովքեր հավակնում էին  20 հազար տեղի: Մասնակցությունը    193 միլիոնից հասել է գրեթե 80 տոկոսի Ամբողջ երկրում բացվել էր ավելի քան 813 հազար ընտրատեղամաս: