Հայաստանի կառավարությունը դեռեւս չգիտի, թե ինչ խոչընդոտներ կան ներդրումների համար, ինչպես նվազեցնել դրանց աճի վրա բացասական ազդեցությունը։ Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Նրա խոսքով՝ ներդրումների բացակայությունը հանգեցնում է նրան, որ Հայաստանում չկա արժեթղթերի շուկա, եւ ամբողջ ֆինանսական շուկան գտնվում է բանկերի ձեռքում։ «Պետք է հասկանալ, թե որն է Հայաստանի առավելությունը այլ երկրների համեմատ։ Եթե իշխանությունները գնում են ստվերի կրճատման ուղղությամբ, պետք է բարեփոխումներ անցկացնել, որպեսզի բիզնեսը առողջ միջավայր ունենա գործունեության համար»,- նշել է փորձագետը։

Նա ընդգծել է, որ կան նաեւ պետական մարմինների աշխատանքի մոդելի խնդիրներ։ «Չի ստեղծվում մոտիվացիա աշխատակիցների համար, որպեսզի լուծվեն այս կամ այն խնդիրները։ Կա մասնավոր հատվածի հետ երկխոսություն վարելու խնդիր։ Այդ երկխոսությունը դեռեւս սահմանափակվում է միայն օրակարգի ձեւավորմամբ»,- հավելել է Մակարյանը։

Փորձագետը կարծում է, որ կարեւոր է նաեւ կրթության ոլորտի արդիականացումը, եւ տնտեսական հեղափոխությունն անհնար է առանց դրա։ «Նոր որակյալ կադրերը պետք է դառնան ցանկացած տնտեսական բարեփոխման լոկոմոտիվը»,- պարզաբանել է նա։

Գագիկ Մակարյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է օգտագործի նաեւ դիվանագիտական հնարավորությունները նոր պայմաններում առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեսակետից։

«Կարեւոր է նաեւ համայնքների ակտիվությունը, ինչն առայժմ չկա։ Մարզպետների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտը սեփական օրակարգ չունի»,- ամփոփել է ՀԿ ղեկավարը։