Քաղաքապետարանը մոտ օրերս կգործարկի «Ակտիվ քաղաքացի» աշխատանքային անվանմամբ օնլայն հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի հանրաքվեներ անցկացնել: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարց ուղղեց Հայկ Մարությանին, թե կա՞ արդյոք որեւէ հարց, որ դուք դիտարկում եք, որ կդրվի հանրաքվեի եւ հնարավոր համարո՞ւմ եք, որ մինչեւ ձեր պաշտոնավարման ավարտը կայանա գեթ մեկ տեղական հանրաքվե:

Քաղաքապետը դրական արձագանք տվեց՝ նշելով, որ հանրաքվե կազմակերպելը բավականին մեծ գումար է պահանջում բյուջեից. «Դրա համար մենք այս պահին ստեղծում ենք օնլայն հարթակ, որտեղ մենք հնարավորություն կունենանք անվճար հանրաքվեներ անցկացնել»:

«Դա լինելու է հարթակ, որտեղ գրանցված են լինելու քաղաքացիները և մասնակցելու են քվեարկությունների, տարբեր հարցադրումների, որոնք կառաջարկի Երևանի քաղաքապետարանը: Համայնքի բոլոր բնակիչներին ամբողջ Հայաստանում հասանելի է լինելու հարթակը: Նաև այդ հարթակի միջոցով ստանալու ենք քաղաքացիների առաջարկները, զարգացման ծրագրերը: Մոտ օրերս այն կգործի»,- իր հերթին ասաց փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:

Դավիթ Խաժակյանի հարցին, թե երբ Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստանում էր հանրաքվեներ անցկացնել, նկատի ուներ առցանց հարցո՞ւմը, ինչին Մարությանը պատասխանեց. «Ոչ իհարկե, լինելու է եւ դա, եւ նա: Հույժ կարեւոր հարցերի դեպքում՝ կլինի հանրաքվե»: