Երեւանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ «ԲՀԿ» եւ «Իմ քայլը» խմբակցությունների ավագանու անդամներ Արմեն Ներսիսյանի եւ Վազգեն Դարբինյանի միջեւ: Մասնավորապես, ավագանու ԲՀԿ-ական անդամ Արմեն Ներսիսյանը նիստի ընթացքում տեղից վեր կացավ եւ դիմելով «Իմ քայլից» Վազգեն Դարբինյանին՝ ասաց. «Ապե՛, հլը դուրս արի»:

Ավելի ուշ Արմեն Ներսիսյանը նշեց, որ այդ ավագանու անդամն իրեն երկար էր նայում, դուրս էր հրավիրում տեսնելու՝ ինչո՞ւ: Հետո խոսքը փոխեց, թե կանչում էր միասին ծխելու:

ԲՀԿ-ականները լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով Արմեն Ներսիսյանի վարքագիծը, ասացին, որ այդտեղ որեւէ վատ բան չկա, ընդամենը քննարկման հրավեր է:

Ավելի ուշ՝ նիստի ընթացքում, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանն առաջարկեց էթիկայի խորհուրդ ստեղծել. «Ինչպես ցույց տվեց մեր այսօրվա նիստը եւ առհասարակ բոլոր նիստերը, անհրաժեշտություն եմ տեսնում եւ առաջարկում եմ ստեղծել էթիկայի խորհուրդ, ինչպես ԱԺ-ում է: Այն կհսկի եւ´ ֆեյսբուքյան գրառումները, եւ´ նիստում հնչեցված «դուրս արի, ապե, խոսենք» արտահայտությունները»,- ասաց Լիլիթ Կիրակոսյանը:

Քաղաքապետը Հայկ Մարությանը նշեց, որ հետաքրքիր առաջարկ է. «Հետաքրքիր առաջարկ է, ինձ դուր է գալիս այս առաջարկությունը: Կարծում եմ՝ ձեռնամուխ կլինենք»: ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը եւս դրական արձագանքեց առաջարկին: