Ազգային ժողովի այգում այսօր՝ ապրիլի 23–ին, բացվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի։

Բացման արարողությանը ներկա էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահներ Ալեն Սիմոնյանը, Վահե Էնֆիաջյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը,  Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Առնո Բաբաջանյանի «Սիրո տարի» երգի ուղեկցությամբ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Կոպիրկինը համատեղ ծառ տնկեցին։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ ծառուղու հիմնումը շատ խորհրդանշական բնույթ է կրում՝ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը ներկայացնելով որպես արմատից դեպի ծլարձակված ճյուղեր ձգվող ամբողջականություն։

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նկատեց, որ ինքը խիստ հուզված և ուրախ է՝ մասնակցելու հայ-ռուսական բարեկամության ծառուղու բացման հանդիսավոր արարողությանը։