Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 321-ի: Այս մասին հայտարարել է զանգվածային տեղեկատվության միջոցների նախարար Ռուվան Վիջեւարդենեն երկրի խորհրդարանում ելույթ ունենալիս, հայտնում է Newsfirst պորտալը:

Նրա խոսքով՝ վիրավորվել է 521 մարդ, որոնցից 375-ը բուժհաստատություններում են: Նա նշել է, որ քննության նախնական տվյալներով՝ ապրիլի 21-ին Զատկի ժամերգության ժամանակ հարձակումներն իրականացրել են տեղացի ծայրահեղականները որպես վրեժ մարտի 15-ին Նոր Զելանդիայում մզկիթի վրա հարձակման:

Շրի Լանկայի նախկին նախագահ Մահինդա Ռաջապակսան, իր հերթին, տեղի ունեցածի պատասխանատու է համարել երկրի կառավարությանը: «Շրի Լանկան ահաբեկիչների համար մատչելի թիրախ է դարձել այն պատճառով, որ կառավարությունը զբաղված էր հետախուզության աշխատակիցների հետապնդմամբ,- ասել է նա: - Այս կառավարությունը մշտապես ապացուցել է, որ ազգային անվտանգությունը հետախուզական ծառայությունների համար առաջնահերթություն չէ»:

Վիջեւարդենեն ընդգծել է, որ ինքն ու երկրի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգհեն 2018 թվականի հոկտեմբերից Ազգային անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու հրավերքներ չեն ստանում: