Եվրամիությունն ափսոսում է, որ ԱՄՆ-ն նախօրեին որոշում է ընդունել մայիսի սկզբից չերկարացնել արտոնյալ ժամանակաշրջանը 8 երկրների եւ տարածքների համար, որոնք Իրանից ածխաջրածիններ են ներմուծում, եւ որոնց վրա հիմա կտարածվեն Իրանից նավթ գնելու համար ամերիկյան պատժամիջոցները: Այս մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ափսոսում ենք ԱՄՆ երեկվա որոշման համար, որը կրկին խափանում է իրանական միջուկային ծրագրի համաձայնագրի կատարումը»,- ասել է նա:

Կոսյանչիչը հերթական անգամ ընդգծել է, որ ԵՄ-ն մտադիր է շարունակել համաձայնագրի իրականացումը: «Մենք հանձնառու ենք կատարելու Համատեղ համընդգրկուն գործողությունների ծրագիրը այնքան ժամանակ, քանի դեռ Իրանն իր պարտավորությունները կատարում է»,- հավելել է նա:

Անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ն 180 օր ժամկետով բացառություն էր կատարել 8 երկրի ու տարածքի համար, որոնք Իրանից ածխաջրածիններ են ներմուծում, որպեսզի աշխարհում նավթի գնաճ թույլ չտա, ինչպես նաեւ այլընտրանքներ գտնելու համար ժամանակ տա: