Երեւանի ավագանին այսօրվա՝ ապրիլի 23-ի իր նիստում քննարկում է Երեւանի տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու նպատակով «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու հարցը:

Նշենք, որ այդ հիմնարկը Երևանի քաղաքապետարանի կազմում գործող իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որի հիմնադիրը Երևան համայնքն է` ի դեմս ավագանու:

Հիմնարկի գործունեության հիմնական նպատակն Երևանի վարչական տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ՝ ձմեռային ամիսներին) աշխատանքների իրականացման ապահովումն է:

Հարցը ներկայացրեց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Նա նշեց, որ «Սանիթեք» ընկերությունն իր պարտականությունները պատշաճ չի կատարում, որի համար պարբերապար պատասխանատվության է ենթարկվել: Նա նկատեց, որ պայմանագրով նախատեսված է, որ նման իրավիճակում քաղաքապետարանն իրավունք ունի կասեցնել վճարումը, եւ քայլեր ձեռնարկել սեփական ուժերով կամ այլ կապալառուներ ներգրավելու:

Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը նշեց, որ խոսել է «Սանիթեքի» ղեկավարության հետ, նրանք ասել են, որ պայմագարի խախտումներ կան նաեւ քաղաքապետարանի կողմից, եւ դա իրենց հիմք է տալիս դիմելու արբիտրաժային դատարան, եւ ըստ իրենց, այտեղ իրենք կհաղթեն:

«Նրանք ասացին, որ մեծ ասուլիս կկազմակերպեն, որտեղ մեծ աղաղակող փաստարկներ կբերեն: Ի՞նչ խախտումների մասին է խոսքը քաղաքային իշխանության կողմից եւ եթե դատական գործընթաց սկսի, ինչպիսի հետեւանքներ կարող է դա ունենալ մեր երկրի եւ նրա իմիջի համար», հարց ուղղեց Առաքելյանը:

Փոխքաղաքապետը նշեց, որ մինչեւ այսօր իրենք որեւէ հղում չեն ստացել «Սանիթեքից», թե պայմանագրի որ կետն է քաղաքային իշխանությունը խախտել: Նրա խոսքովմ, որպես պայմանագրի խախտում ներկայացվում է աղբավայրի վատ վիճակը, սակայն այսօր աղբավայրն ավելի լավ վիճակում է, քան եղել է մինչ այդ:

«Սանիթեքի» հետ պայմանագիրը շատ լավ, խիստ պայմանագիր է հօգուտ քաղաքային իշխանության: Հավանականությունը շատ ցածր եմ գնահատում, որ «Սանիթեքը» կարող է միջազգային դատարանում շահող լինել»:

ԲՀԿ անդամը նկատեց, որ եթե «Սանիթեք»-ի հետ նամակագրության մեջ կան բաներ, որոնք հետո խնդիրների առիթ են դառնալու, ճիշտ կլինի այդ մասին քաղաքապետարանից իմանանք, որ թե «Սանիթեք»-ից:

Սրան արձագանքեց քաղաքապետ։ Հայկ Մարությանը՝ նշելով. «Սանիթեքը» շատ բաների մասին է բարձրաձայնում, բայց խորհուրդ կտամ դրա փոխարեն քաղաքը մաքրել: Երկրորդ, այդ գրագրությունը հասանելի է բոլորին, պետք է միայն վերցնել կախարդական գրիչը եւ կախարդական թուղթը, գրել մեզ հարցում եւ կախարդական պատասխանը կհասնի ձեզ: Երրորդ, վստահ եղեք, որ մենք բոլոր ասպեկտները հաշվի ենք առնում, որ ոչ ոք չտուժի: Եթե մենք մանրուքներին ուշադրություն չդարձնեինք, կարող էինք ավելի կտրուկ գործել, բայց այդ դեպքում՝ կարող էին լինել սխալներ»: