Մենք պարտավոր ենք պահել ողբերգական իրադարձությունների հիշատակը, որոնք տեղի են ունեցել հայ ժողովրդի հետ ավելի քան 100 տարի առաջ: Ապրիլի 23-ին Էջմիածնում ռուս դիվանագետ Անդրեյ Մանդելշտամի 150-ամյակին նվիրված կլոր սեղանի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Դեսպանը հավելեց, որ հարկավոր է հստակ հասկանալ՝ նման տեսակի իրադարձությունները չպետք է կրկնվեն:

Կոպիրկինը նկատեց, որ Անդրեյ Մանդելշտամի գործունեությունը սերտորեն կապված է Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ:

«Հայ ազգը Անդրեյ Մանդելշտամին հիշում է որպես դիվանագետի, որը առաջիններից էր, որ մասնագիտական տեսանկյունից գնահատեց Օսմանյան կայսրությունում կատարված ողբերգական իրադարձությունները: Նա այս հարցին անդրադարձել է նաեւ իր աշխատանքներում: Բացի այդ ակտիվ մասնակցություն է ունեցել Հայկական հարցի լուծման ժամանակ», - ընդգծեց ՌԴ դեսպանը:

Նշենք, որ ապրիլին 23-ին Էջմիածնում ռուս դիվանագետ Անդրեյ Մանդելշտամի 150-ամյակին նվիրված կլոր սեղան անցկացվեց: Միջոցառմանը նաեւ մասնակցեցին Ազգային ժողովի պատգամավորներ, գիտնականներ եւ հասարակական գործիչներ: