Իրանական նավթը ներկրող երկրների համար պատժամիջոցներից ազատումը չերկարաձգելու ԱՄՆ որոշումից հետո Հնդկաստանը մտադիր է այլ խոշոր նավթարդյունահանող երկրներից հում նավթ գնել՝ հայտնում է AP-ը։

Երկրի ԱԳՆ մամուլի խոսնակ Ռավիշ Կումարը հայտարարել է, որ Հնդկաստանի կառավարությունը երկրի էներգետիկայի եւ տնտեսական անվտանգության ոլորտում իր շահերի պաշտպանության ուղիներ որոնելու ճանապարհին կշարունակի աշխատել գործընկեր-պետությունների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ։

Հնդկաստանը ֆինանսական տարում գնել է 23,6 մլն տոննա իրանական նավթ, որը կվերջանա 2019թ․ մարտին՝ հայտարարել է երկրի նավթի նախարար Բավեջան։

Իրանը իր մեծությամբ Հնդկաստանին նավթ մատակարարողների շարքում երրորդն էր Իրաքից եւ Սաուդյան Արաբիայից հետո։ Հնդկաստանում օգտագործվող նավթի 80 տոկոսը ներկրվում է այլ երկրներից։

Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, Թրամփի վարչակազմը պաշտոնապես հայտարարել է երկրներին, որ այլեւս չի ազատի նրանց Իրանի նավթի հետ կապված պատժամիջոցներից։ Դրանց սահմանումից հետո մի շարք երկրներ ժամանակավորապես ազատվել էին ամերիկյան միջոցառումներից։ Սակայն այժմ ԱՄՆ-ը մտադիր է ուժեղացնել ճնշումն Իրանի վրա, որի հետ կապված՝ ամբողջովին արգելել է Իրանից նավթի արտահանումը։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ պատժամիջոցներն Իրանին կզրկեն տարեկան 50 միլիարդ դոլար եկամտից։