ՀՀ վարչական դատարանում այսօր՝ ապրիլի 23–ին շարունակվեց Վաչագան Ղազարյանն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործով հերթական դատական նիստը։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին 1-ին տեղակալ Վաչագան Ղազարյանը մի քանի ամիս է՝ դատական գործընթացների մեջ է ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի: Ղազարյանը դիմել է վարչական դատարան, խնդրելով հանձնաժողովին՝ պարտավորեցնել ոչնչացնել իր և կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի 2017թ. տարեկան ու 2018թ. պաշտոնի դադարեցման հայտարարագրերը:

Ըստ հայցվոր կողմի՝ Վաչագան Ղազարյանը չի հանդիսանում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձ ինչպես 2011 թվականի «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի՝ «հատուկ ծառայությունների բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք» դրույթի շրջանակներում, այնպես էլ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո, քանի որ Սահմանադրական փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո, ՊՊԾ գնդի պետի տեղակալը դադարել է պաշտոնատար անձ լինելուց։

Այսօրվա դատական նիստին ներկա էր նաև Վաչագան Ղազարյանը։ Հայցվոր կողմը դատարանին ներկայացրեց գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցներ՝ այդ թվում Մարդու իրավուքնների պաշտպանի՝ ՍԴ ապրիլի 16–ի որոշման մեջ նշված դիրքորումը։ Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց շրջանակը փոփոխելով՝ փոխվում է նաև տվյալ հանցակազմի սուբյեկտը, ինչը որոշ պաշտոնատար անձանց համար հանգեցնում է արարքի ապաքրեականացման: ՄԻՊ–ի կարծիքով՝  նման դեպքերում իրավունքի ուժով պետք է բացառվի գործի հարուցումը կամ քրեական հետապնդումը, այլապես Սահմանադրության և միջազգային չափանիշներին համապատասխան չի կիրառվի արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքի հետադարձ ուժի սկզբունքը՝ դրանով իսկ հակասելով Սահմանադրության 72 և 81-րդ հոդվածներին: Այսպիսով այս գործով դատաքննությունն ավարտվեց։ Գործն ըստ էության լուծող դատական ակտը կհրապարակվի մայիսի 17–ին։

Նշենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից հարուցված վարույթների արդյունքում 219 պաշտոնատար անձ ենթարկվել է «նախազգուշացում» վարչական տույժի, 68-ը տուգանվել է, 122-ի դեպքում գործի վարույթը կարճվել է և այլն:

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3 հոդվածով և 310.1-րդհոդվածի1-ին մասով` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար։  Ըստ քննության տվյալների՝ Ղազարյանը չի հայտարարագրել 1 միլիոն 272 հազար 900 դոլար, 218 հազար եվրո և 460 միլիոն դրամի գույք: