ՀՀ գլխավոր դատախազությունը Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին է ներկայացրել Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: Այս մասին իր  ֆեյսբուքյան էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՌԴ իրավապահները Կարելիայի Հանրապետությունում ձերբակալել են ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին, որը հետախուզվում էր ՀՀ ՀՔԾ-ի կողմից: ՀՔԾ-ից հայտնել են, որ արտահանձման գործընթացը ընթացքի մեջ է։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատարանը ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել գեներալին։ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: