Իրաքյան Քուրդիստանի պատվիրակությունը, Չամչամալի քաղաքապետ Ռամիկ Ռազաման Կադիրի գլխավորությամբ, ժամանել է Երեւան՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Պատվիրակությունն արդեն հանդիպել է ՀՀ ԱԺ-ում ազգային փոքրամասնություններին ներկայացնող պատգամավորների, այդ թվում՝ Կնյազ Հասանովի հետ, որը Հայաստանի քրդական փոքրամասնության ներկայացուցիչն է։

Ապրիլի 24-ին պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ, որպեսզի հարգանքի տուրք մատուցի 1915թ․ ցեղասպանության զոհերի հիշատակին։

Պատվիրակությունն ապրիլի 23-ին նաեւ հանդիպել է Երեւանում Քաղաքական լիգայի հարթակի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը նշել են Իրաքյան Քուրդիստանի պատվիրակության հինգերորդ այցը Հայաստան։

Կողմերն ընդգծել են հայ-քրդական երկկողմ կապերի զարգացմանն ուղղված բարեկամության կազմակերպման կարեւորությունը։ Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները հայկական կողմին խնդրել են Հայաստանի խորհրդարանում բարձրացնել քրդերի զանգվածային ցեղասպանության պաշտոնապես ճանաչման հարցը։ «Մեզ պետք է հայ ժողովրդի, Հայաստանի կառավարության եւ Ազգային ժողովի աջակցությունը»,- նշել են նրանք։ Ռամիկ Ռազաման Կադիրն, իր հերթին, նշել է, որ 2016թ․ Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի 35 անդամներ ստորագրություններ են հավաքել Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման համար։ «Սակայն պաշտոնապես ճանաչման համար ավելի շատ ստորագրություններ են հարկավոր։ Մենք դեռ սպասում ենք Իրաքի խորհրդարանում նախագծի հաստատմանը»,- նշել է նա։