Ուժեղ պետությունը փոքր ժողովուրդներին միշտ խժռել է այնպես, ինչպես բնության մեջ է, բայց  Աստված անգամ փոքրերին տվել է հնարավորություն պայքարելու, եւ կերակուր չդառնալու: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ միջազգային հարթակում Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ չճանաչող երկրները բաժանվում են 3 խմբի.

«Առաջինն այն երկրներն են, որոնք բարի են գտնվել պատմության, աշխարհի ու իրենց խղճի առաջ: Օրինակը՝ Ֆրանսիայի Հանրապետությունն է, որը ճանաչեց ցեղասպանությունն անկախ ամեն ինչից:

Երկրորդ խմբի երկրները Ցեղասպանությանն անդրադառնում են այն դեպքերում, երբ ինչ-ինչ խնդիրներ են ունենում Թուրքիայի հետ, եւ այդ ժամանակ Սենատներում հայտնվում է հայկական հարցը: Դրա բացառիկ օրինակը Իսրայելն է, հենց մի թեթեւ Թուրքիայի հետ հարաբերությունները վատանում է, իրենք հիշում են, որ եղել է Հայոց Ցեղասպանություն:

Մյուս երկրները, որտեղ հայկական համայնքը շատ մեծ է, ու իրենց երկրներում ընտրության ժամանակ ասում են, որ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, ընտրությունից հետո էլ մոռանում են, կամ «ցեղասպանություն» բառը հայերեն են արտասանում, դրա փայլուն օրինակն էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է»,- ասաց Արամ Սարգսյանը:

Ցեղասպանության հատուցմանն անդրադառնալով՝ Արամ Սարգսյանն ասաց. «Ասենք պահանջեցիր, պահանջելուց հետո հատուցելո՞ւ են: Նախ պետք է ճշտենք, թե ինչ պահանջ ենք դնում. Ցեղասպանության ճանաչում, դրանից հետո հատուցում, իսկ հատուցում ասելով ինչ ենք հասկանում: Այ երբ կձեւակերպեն այդ մոտեցումները, ՀՀ-ն իր ձեւակերպումը կդնի, գնահատականները կտա, ես էլ գնահատական կտամ:

Մեզ համար առաջնային մեկ խնդիր պետք է լինի, ոչ թե աշխարհից պահանջել, որ դատապարտեն, այլ մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ մեզ հետ այլեւս այդպես չկարողանան վարվել»,- ասաց Արամ Սարգսյանը: