Հայաստանի իշխանությունները փորձել են հարեւան Թուրքիայի հետ 21-րդ դարին բնորոշ փոխհարաբերություններ հաստատել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական անձանագրություններին:

Հարցին, թե ինչո՞ւ տապալվեց «ֆուտբոլային դիվանագիտությունը» եւ ինչ տվեց այն Հայաստանին, նա արձագանքեց. «Ընդհանրապես աշխարհը ոնց է նայում մեզ եւ Թուրքիային: Աշխարհը նայում է, որ երկու հարեւան երկրներ Առաջին համաշխարհային պատերազմից հետո խնդիրներ են ունեցել, եւ առ այսօր չեն կարողանում այդ խնդիրները լուծել: Դրա համար աշխարհը փորձում է դա լուծել ավելի ժողովրդավարի դիրքերից: Դրա համար բերեցին Ժնեւում հանդիպեցրին, փաստաթուղթ ստեղծեցին, որով խնդիրը կարող էր տեղից պոկվել: Հայաստանը գնաց ու ստորագրեց այդ փաստաթուղթը: Ես այն ժամանակ էլ ասել եմ, որ Հայաստանը պետք է այդ փաստաթուղթը վավերացներ իր խորհրդարանում եւ այդ ժամանակ ամբողջ խնդիրը կմնար Թուրքիայի վրա: Եթե մենք ուզում էինք Թուրքիային փաստի առաջ կանգնեցնել, աշխարհին ցույց տալ, որ Թուրքիան չի հիշում ու չի զղջում, մենք պետք է վավերացնեինք: Հետ կանչելն ավելի կոպիտ սխալ էր, քան ստորագրելը»: