Հայաստանը 2009-ին անպատրաստ սկսեց հայ-թուրքական պրոցեսը, Թուրքիան մտավ այդ պրոցեսի մեջ իր բոլոր հնարավորություններով շահեց այդ պրոցեսից եւ այն վիժեցրեց, իսկ Հայաստանը ոչինչ չշահեց (ֆոտոռեպորտաժ): Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, ցանկացած բան նախաձեռնելիս պետք է լայն նախապատրաստական աշխատանքներ տանել, որ ոչ թե Թուրքիան դրանից շահի, այլ շահի մարդկությունը, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, սահմանները բացվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն:

«Սահմանների բացումն այլընտրանք չունի, պետք է հասնել դրան, բայց միաժամանակ պետք է եղած բոլոր հարցերը քննարկվեն, որոշումներ ընդունվեն, նոր գնանք սահմանների բացման:

Փորձը ցույց տվեց, որ առանց նախապայմանների հարաբերությունների վերսկսման վերաբերյալ մեր պատրաստակամությունը չաշխատեց: Հիմա միգուցե կարող ենք էլի ասել, որ պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն, բայց դա չի կարող ծառայել միայն թուրքական կողմին: Այդ դեպքում թուրքական կողմը էլի աշխարհին կարող է ասել՝ մենք խոսում ենք, մեզ մի խանգարեք»,ասաց Մարությանը:

Նա նկատեց, որ ի սկզբանե պարզ էր, որ Թուրքիան Ղարաբաղի հարցը կապելու է հայ-թուրքական հարաբերություններին. նույնկերպ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը եւս ծառայում է Ադրբեջանի շահերին: