ԵԽԽՎ-ում ելույթ ունենալով չի, որ Ցեղասպանության ճանաչման կամ դատապարտման ուղղությամբ պետք է գործ անել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում իր ունեցած ելույթում չանդրադարձավ Հայոց ցեղասպանության թեմային:

«Ելույթի մեջ այդ հարցը չներառելը այնքան էլ չի կարող խնդիր լինել, եթե կա տեսլական, թե ինչպես պետք է ձեւավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Տվյալ դեպքում ՀՀ իշխանություններն այդ տեսլականը չեն ներկայացրել եւ այդ ուղղությամբ որեւէ քայլ չի կատարվում»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ Իտալիայի խորհրդարանի կողմից օրերս Ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը եւ առանց դեմ ձայների քվեարկությունը մեծ դրական շարժ էր:

Հարցին, թե ինչու իշխանությունները Ցեղասպանության խնդրի մասին գրեթե չեն խոսում, ԼՀԿ ղեկավարն ասաց. «Խոսեն, որ ի՞նչ ասեն: Պետք է իմանան, թե ինչ ծրագիր ունեն, որ խոսեն: Օրինակ, ներկայացված չէ, թե ինչպես են ՀՀ իշխանությունները մտադիր մոտենալ հայ-թուրքական հարաբերություններին»:

Նա նաեւ ներկայացրեց «Լուսավոր Հայաստանի» մոտեցումն այս հարցում.

«Նախ պետք է սկսել խոսակցություն սահմանները բացելու մասին, սահմանները բացել, մարդկանց միջեւ շփումները վերականգնել, հետո նոր խոսել կնճռոտ հարցերի մասին: Եթե կողմերն իրար դեմ նախապայմաններ են բերում, արդյունքում ունենք 20 տարուց ավելի փակ սահման: Բայց օդային սահմանը բաց է, Թուրքիայում բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ են աշխատում, որոնց իրավունքները պետք է պաշտպանել, իսկ դրա համար պետք է դիվանագիտական առաքելություն ունենալ այդ երկրում»:

Մարուքյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները ժամանակ առ ժամանակ շփումներ ունենում են թուրքական պատվիրակության հետ. «Պետք է պրոակտիվ մոտեցում ունենալ, ոչ թե ռեակտիվ: Ոչ թե սպասենք, մեր դեմ մի բան ասեն՝ պատասխանենք, մի բան նախաձեռնենք, մենք դրա դեմ պայքարենք, այլ մենք նախաձեռնություններով հանդես գանք»: